Որոնել

Իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբանական ֆակուլտետը ձևավորվել է Պրոգրես համալսարանի հիմնադրման օրվանից: 1990-1996 թվականներին Շիրակի մարզում առաջին բուհն էր, որ պատրաստում էր իրավաբանի որակավորմամբ մասնագետների լայն պրոֆիլի կադրեր: Պրոֆեսորադասախոսական անձնակազմը ձևավորվել է Գյումրու պետական բուհերի դասախոսներով, արդարադատության և դատախազության համակարգի փորձառու մասնագետներով, դասախոսներ են հրավիրվել Երևանի պետական համալսարանից, Տնտեսաիրավագիտական համալսարանից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Ամերիկյան համալսարանից:    
2000 թվականին ֆակուլտետում ձեռնարկվեցին լուրջ միջոցառումներ ուսումնական գործընթացի կատարելագործման ուղղությամբ: Կրթության և գիտության նախարարության կրթական չափորոշիչներին համապատասխան մշակվեցին նոր ուսումնական պլաններ և ուսումնական գործընթացին առնչվող փաստաթղթեր: Այդ նույն տարում ֆակուլտետը կրթության և գիտության նախարարության սահմանած չափանիշներով հաջողությամբ ավարտեց հավատարմագրման գործընթացը:    
2002 թվականին ֆակուլտետը ստացավ թույլտվություն, հեռակա ուսուցում կազմակերպելու` իրավագիտության բակալավրի աստիճանով: Ֆակուլտետի ուսումնաարտադրական պրակտիկան անցկացվում է արդարադատության, դատախազության համակարգերում և այլ իրավաբանական կառույցներում, ինչպես նաև մասնավոր փաստաբանական գրասենյակներում:  

irav.png

Պրոգրես համալսարանի իրավաբանական

ֆակուլտետի դեկան Անահիտ Ստամբոլցյան


2010 թվականին ֆակուլտետը ունեցավ իր 16-րդ շրջանավարտը: Նրանք այսօր աշխատում են քննիչներ, փաստաբաններ, միջազգային կառույցների իրավաբաններ, դասախոսներ, աշխատում են դատախազության համակարգում, Նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմերում: Հիշատակելու արժանի անուններ են` Լուսինե Աբովյանը, որը ավարտելով ԱՄՆ Ելի համալսարանը ստացել է իրավագիտության բարձրագույն աստիճան, Արթուր Հովհաննիսյանը, որը Կյոկուսինկայի կարատեի 9-րդ բաց առաջնության 3 մրցանակակիր է, որի տիտղոսը ֆեդերացիան հարմար գտավ շնորհելու Պրոգրես համալսարանում: Ծանրամարտի Եվրոպայի ու աշխարհի առաջնության մրցանակակիր Աշոտ Դանիելյանը: ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատում են մեր շրջանավարտներ Լիլիթ Եղիազարյանը և Արտակ Կարապետյանը, 12 շրջանավարտներ աշխատում են Շիրակի մարզի Ընդհանուր Իրավասության դատարանում: Մեր շրջանավարտներից Նազիկ Հակոբյանը, ավարտելով Իրավաբանական ֆակուլտետը, անմիջապես աշխատանքի անցավ նույն ֆակուլտետում և պաշտպանեց թեկնածուական թեզը ստանալով` Իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում: Իրավաբանական ֆակուլտետի դասախոսները բազում գիտական աշխատանքների հեղինակներ են:    
2003 թվականին ֆակուլտետի ղեկավարության ջանքերով և ամերիկյան իրավաբանների աջակցությամբ ֆակուլտետում բացվեց րավաբանական կլինիկա հանրապետությունում 2–ը ԵՊՀ-ից հետո, որը աշխարհում ընդունված և պրակտիկ գիտելիքների ուսուցման լավագույն դարբնոց է իրավաբանի համար: Իրավաբանական կլինիկայի նպատակն է առավել արդյունավետ դարձնել իրավաբանական կրթությունը ոչ միայն տեսական, այլ գործնական գիտելիքներ ունեցող իրավաբաններ պատրաստելու համար:  

irav1.png

Բացի այդ, Իրավաբանական կլինիկան լրացնում է նաև անվճար իրավաբանական օգնության պակասը` այդ գործընթացում ներգրավելով բուհի ուսանողներին: Իրավաբանական կլինիկայում ուսանողները ձեռք են բերում փաստաբանական հմտություններ, սովորում են էթիկայի կանոնները, ընդունում են հաճախորդների, սովորում են գործի կազմման, վարման և իրականացման կանոնները, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվության գործընթացը: Կլինիկայում ուսուցումը կազմակերպվում է 2 փուլով` նախապատրաստական` մասնագիտական գիտելիքների խորացման և իրավաբանական խորհրդատվության մատուցման համակարգերով: Կլինիկայում սովորած ուսանողը ստանում է կլինիկական կրթության վկայական: Կլինիկայում աշխատում են փորձառու և հմուտ մասնագետներ և փաստաբաններ: Կլինիկայի աշխատակիցների կողմից մշակվել են ՙԻրավաբանական կլինիկական կրթություն՚ և ՙԿլինիկայի ուսանող՚ ուսումնական ձեռնարկները: Կլինիկայի աշխատակազմը գիտելիքները խորացնելու նպատակով վերապատրաստվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վարշավայում, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի կլինիկաներում:    
2008 թվականին ֆակուլտետը անցավ ուսուցման նոր համակարգի պահանջներին (Բոլոնիայի գործընթացին) նպատակ ունենալով աստիճանական անցում կատարել ուսուցման կազմակերպման ուսանողամետ համակարգին, որտեղ ուսման գործընթացի կենտրոնում ուսանողն է` իր անհատական կրթական կարիքներով, նախասիրություններով և ունակություններով` ապահովելով ուսումնառության ճկուն ձևերի և անհատական կրթական ծրագրի իրականացման լայն հնարավորություն: