Որոնել

Հումանիտար ֆակուլտետ

Պրոգրես համալսարանի ֆակուլտետներից ամենաերիտասարդը հումանիտար բաժինն է, որը բազմաճյուղ է, ունի մասնագիտական բազմաբնագավառ ընդգրկում: Ֆակուլտետը ձևավորվեց  1996թ.-ին` լրագրության, բանասիրության, մանկավարժության և մեթոդիկայի, հոգեբանության, օտար լեզվի ամբիոնների միավորումով: Առաջին դեկանը եղել է ներկայիս պրոռեկտոր Հայկ Հակոբյանը: Ամբիոններից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր առջև դրված խնդիրները, բայց դրանցից յուրաքանչյուրը ծառայում է մեկ նպատակի: Բացի կրթության ու ուսուցման գործի կազմակերպումից, բուհի առջև ծառացած խնդիրներից է նաև հասարակությանը պիտանի ապագա քաղաքացու ձևավորումը: 

human.png

Պրոգրես համալսարանի հումանիտար

ֆակուլտետի դեկան Նելլի Կարապետյան

Ֆակուլտետում հավատարմագրված մասնագիտություններից առաջիններից մեկը հոգեբանությունն է, որտեղ սովորող ուսանողները ձեռք են բերում արդիական, աշխատաշուկայում մրցունակ, որակյալ կրթություն, և որտեղ էլ որ եղել են մեր շրջանավարտները, աչքի են ընկել իրենց գիտելիքներով, հմտություններով: Հոգեբանությունը հաստատության հզոր ամբիոններից մեկն է. դասախոսների զգալի մասը երիտասարդ և փորձառու գիտաշխատողներ են: Մեր շրջանավարտներից շատերն աշխատում են ՙՆարեկ՚ հոգեբանական կենտրոնում, ՙԱջակից՚ կանանց կենտրոնում և այլ դաստիարակչական-կրթական, հոգեբանական կենտրոններում:  
Առանցքային մասնագիտություններից են բանասիրությունը և ժուռնալիստիկան, որոնք լայն հնարավորություն են տալիս ապագա մասնագետներին մշակույթի, գիտության, ժողովրդական կրթության, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում աշխատելու համար: Բանասիրական բաժնում ուսուցվում են գրաբար, միջին և ժամանակակից հայերեն, առանձնակի տեղ է հատկացվում արևմտահայ գրական լեզվին, գրականության պատմություն, տեսություն, քննադատության պատմություն և այլ մասնագիտական առարկաներ: Դասապրոցեսն անցկացնելիս շեշտը դրվում է տեսական և գործնական պարապմունքների վրա: Ժուռնալիստիկայի բաժնի ուսանողները զբաղվում են նաև պրակտիկ ժուռնալիստիկայով: Մեր շրջանավարտներն աշխատում են հանրապետության տպագիր մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, ռադիոյում, հեռուստաընկերություններում, լրատվական գործակալություններում (Տիգրան Հովհաննիսյան` Ցայգ, Նարինե Մկրտչյան` Շիրակ, Հակոբ Փափազյան` Շանթ, Արմենիա և այլն):

Օտար լեզվի բաժնում հիմնական օտար լեզվին զուգահեռ դասավանդվում է նաև երկրորդ օտար լեզու (պարսկերեն):  
Հումանիտար բաժնի ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան անց են կացնում հանրապետության տարբեր դպրոցներում, խնամքի տներում, որբանոցներում ու հատուկ դպրոցներում, հոգեբանական կենտրոններում, մանկապարտեզներում, գեղագիտական կենտրոններում, որտեղ նրանք կուտակում են հարուստ փորձ:  
Ուսանողներից շատերը, անցնելով բակալավրիատի ուսուցումը, շարունակում են կրթությունը մագիստրատուրայում, լավագույնները` հանրապետության, նաև արտասահմանյան գիտաուսումնական կենտրոններում:  
Համալսարանը հագեցած է լսարանային, տեխնիկական, ուսումնաօժանդակ համապատասխան արդիական միջոցներով, որոնք անհրաժեշտ են լավ մասնագետներ պատրաստելու համար: Վերջին հաշվով, յուրաքանչյուր բուհի նպատակը լավ շրջանավարտ տալն է, ովքեր օգտակար պետք է լինեն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

human1.png

Հանդիպում Մխիթարյան միաբանության անդամ հայրԼևոն Զաքյանի հետ  
 


Համալսարանն իր 20-ամյա գործունեության ընթացքում տվել է գիտության թեկնածուներ, դոցենտներ, ինչպես` Արտակ Հովհաննիսյան, Արշավիր Գասպարյան (պատմական գիտությունների թեկնածուներ), Հայկուհի Կնյազյան (հոգեբանական գիտությունների թեկնածու), Նելլի Կարապետյան, Լիլիթ Կիրակոսյան (բանասիրական գիտությունների թեկնածուներ), Մանուշակ Կարապետյան (մանկավարժական գիտությունների թեկնածու) և ուրիշներ: Ֆակուլտետում այս գործընթացը շարունակական է. հումանիտար բաժնի երիտասարդ դասախոսներից շատերը պաշտպանում են ատենախոսություններ` Ս. Աղաբաբյան, Ա. Ադամյան, Ֆ. Ալեքսանյան և ուրիշներ:  
Դասախոսները ուսումնակրթական գործին զուգընթաց զբաղվում են նաև գիտամեթոդական աշխատանքով: ՙՊրոգրեսի՚ գիտխորհրդի կողմից ԲՈՀ-ի հումանիտար բաժին են ներկայացվել տասնյակ ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ, գիտական հոդվածներ: Ուսումնամեթոդական հոդվածներ են տպագրվում ԲՈՀ-ի կողմից հաստատված գիտական ամսագրերում, ժողովածուներում ու տարեգրքերում:  
1998 թ.-ից հոգեբանության բաժինը տվել է 200-ից ավելի շրջանավարտներ, լրագրություն` 134, հայոց լեզու և գրականություն` 78, մանկավարժություն և մեթոդիկա` 80, օտար լեզու` 95, կենսաքիմիա` 100, դիզային բաժինը գտնվում է հավատարմագրման փուլում:  
Պրոգրես համալսարանը գիտական, կրթական մտքի կենտրոն է, որ մեծ դեր ունի քաղաքի հասարակական կյանքում: